Հայաստանում ստեղծված անիշխանությունը ամեն օր անդառնալի հետեւանքներ է թողնում հայ հասարակության վրա։ Երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր ապաշնորհ թիմը գործուն քայլեր չի ձեռնարկում։ Փոխարենը օրվա իշխանությունները զբաղված են մանր- մունր հարցերով։ Օրինակ յուրայիններին փոխարինելով մեկ այլ յուրայինով, տպավորություն ստեղծելով թե աշխատում են։

Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի մտահոգում իշխանություններին։ Նրանք ինչպես 2.5 տարի առաջ երբ եկան իշխանության և սկսեցին զբաղվել մանր վրեժխնդրությամբ, անգամ հայրենիքը կորցնելուց հետո զբաղված են այդ գործով։ Հայաստանը խորհրդարանական երկիր է, և տպավորություն էր, թե գոնե տեղի ունեցածից հետո Ազգային Ժողովի մեծամասնությունը կբազվի այս պահին հանրությանը հետաքրքրող հարցերով, բայց՝ ոչ, նրանք զբաղված են քաղաքական հաշվեհարդարներով։ Երեկ ԱԺ խորհուրդը ընդունեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշումը։ Խորհրդի նիստին ներկա 14 պատգամավորներից 10-ը կողմ է քվեարկել որոշմանը, բոլորն էլ` «Իմ քայլից»: Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը:

Սա ոչ այլ ինչ է քան մանր վրեժ։ Փոխարենը երկրում համատարած անիշխանություն է, ընդորում բոլոր ոլորտներում։ Բազմաթիվ անհետ կորածներ, գերիներ ու հազարավու անտուն մնացած արցախցիներ։ Թշնամին շարունակում է իր վայրագությունները պատմամշակութային կոթողների ու գյուղում սեփական խնդիրների առաջ մենակ կանգնած արցախցու նկատմամբ։ Օրվա իշխանությունն այնքան ապիկար է, որ անհետ կորած զինծառայողների հարազատներին պատասխան չունի տալու եւ ուղղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, որ խնդրագիր գրեն Պուտինին։

Տնտեսությունը շարունակում է գահավիժել անդունդը, դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը հանգեցրել է հայկական դրամի մահվանը, ինչի արդյունքում շուտով գնաճ է արձանագրվելու, ինչն էլ իր հերթին առաջացնելու է սոցիալական լարվածություն։

Այլ կերպ ասած այս իշխանությունը վաղուց սպառել է իրեն, թե արտաքին, թե ներքին և թե տնտեսական քաղաքականության առումով։ Ցավոք, սակայն կամ չի գիտակցում կատարվածի լրջությունը, կամ իրեն ձեռնտու է ստեղծված իրավիճակը, հակառակ դեպքում որեւէ տրամաբանությունից դուրս է այն գործողությունները, որոնք ներկայումս արվում են զուտ միայն կոճակ սեղմոմ և պարգևավճար ստացող օրենսդիրների կողմից։

Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի։ Այս քաղաքական թիմը ունակ չէ լուծել ՀՀ հպարտ քաղաքացու առջեւ ծառացած խնդիրները։ Հեռացումը տեղի է ունենալու, անկախ այն պարագայից Գագիկ Ծառուկյանը պատգամավոր է, թե ոչ։ Երկրում մեծ արհավիրք է տեղի ունեցել, իսկ փոքրոգիները զբաղված են մանր վրեժով։

Irakanum.am