Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները, ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում, սոցիալական աջակցություն ստանալու համար  այսուհետ  կարող են դիմել Երևանում գործող օպերատիվ շտաբ, որտեղ բացվել է շահումյանցիների աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է կենտրոնի աշխատանքների համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին կացարաններով և կեցության այլ միջոցներով ապահովելու համար շրջվարչակազմը հնարավորինս աջակցություն էր ցուցաբերում դեռևս սեպտեմբերի 27-ից:

«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից: Մինչ այդ շրջվարչակազմը զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասաց նա:

Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝  Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած շահումյանցիների սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:

Ասվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: