Թուրքիայի նախագահ և «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թ. Էրդողանը կուսակցության ժողովում նոյեմբերի 25-ին խոսել է քրդական հարցի մասին՝ նշելով, որ Թուրքիայում քրդական հարցը այլևս լուծված է և գոյություն չունի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական մի քանի լրատվական կայքեր, Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ասում են քրդական հարց, ի՞նչ քրդական հարց: Դեռ 2005 թվականին Դիարբեքիրում ևս ասել եմ՝ այս երկրում (Թուրքիայում) չկա քրդական հարց, իսկ եթե լիներ էլ, ասել էինք, որ այդ հարցը իմ պատասխանատվության տակ է և մենք կլուծենք այն»:

Էրդողանը նաև խոսել է քրդերի շրջանում շարունակական ձերբակալությունների մասին՝ նշելով, որ «քուրդ եղբայրների ամենամեծ թշնամիները հենց ահաբեկիչներն են, ովքեր ունեն անջատողական նկրտումներ, լինեն նրանք քուրդ, թե այլազգի»:

Չնայած Էրդողանի արած հայտարարություններին, թուրք-քրդական  հարաբերությունները  վերջին  շրջանում սկսել են նորից լարվել: Դեռևս նոյեմբերի 20-ին Թուրքիայում քրդական «Ժողովրդավար  հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում մի շարք քաղաքներում ձերբակալվել էր 101 անձ:

Թուրքական անվտանգության ծառյությունները նոյեմբերի 16-ին ժամը 06:30-ի սահմաններում  իրականացված գործողության արդյունքում ձերբակալել էին «Քուրդիաստանի  ժողովրդական  կուսակցության» անդամների:

«Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Աղրի քաղաքապետ Սավջը Սայանը թվիթերի  իր էջում հայտնել էր, որ հիմնվում է քրդական նոր կուսակցություն, որը, ըստ երևույթին, կլինի  իշխանամետ: Սա արվում է «Ժողովուրդների  դեմոկրատական կուսակցության» դեմ,  որը հիմնվել է  գերազանցապես Թուրքիայի հարավ-արևմուտքում գործող ձախակողմյան  գաղափարախոսություն  ունեցող քաղաքական ուժերի միավորմամբ և որի հիմնական գործունեությունն առընչվում է Թուրքիայի քրդերի խնդիրներին: