Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը վերադասից ստացել է բանավոր նկատողություն, վերջինիս զգուշացվել է հետագայում զերծ մնալ նմանատիպ գրառումներ կատարելուց: Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ բուռն քննարկումների թեմա էր դարձել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի սոցցանցային վարքագիծը։Սույն պաշտոնյան ամենօրյա ռեժիմով ագրեսիվ ու պառակտիչ քարոզով գրառումներ է անում ընդիմադիր ուժերի և բանակի հասցեին՝ պատերազմի օրերից մինչև հիմա։
Մենք քաղաքապետ Հայկ Մարությանին գրավոր հարցում էինք ուղարկել, պարզելու համար, թե արդյո՞ք ողջունում է փոխթաղապետի նման վարքագիծը և արդյո՞ք այդ գրառումները պատճառ չեն, որպեսզի Պողոսյանին հեռացնեն աշխատանքից։

Քաղաքապետարանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցերի պարզաբանման և հստակեցման նպատակով իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և քննարկումներ, այդ թվում` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավար պարոն Ա.Դանիելյանի հետ, որի ընթացքում վերջինս հայտնեց, որ համացանցային հարթակներում և սոցիալական ցանցերում ներգրավված չէ, հետևաբար նման տիրույթներում աշխատակազմի աշխատակիցների գործողությունների վերահսկումը հնարավոր չէ: Ինչ վերաբերում է իր տեղակալ Ներսես Պողոսյանի գործունեությանը, ապա պարոն Ա.Դանիելյանը հայտնեց, որ Ն.Պողոսյանը բարեխիղճ աշխատակից է, ով իր աշխատանքային պարտավորությունները մշտապես կատարել է պատշաճ կարգով և պահպանել է պետական պաշտոնյային հարիր էթիկայի բոլոր կանոնները: Ն.Պողոսյանը Ադրբեջանի կողմից սանձազեռծված պատերազմի առաջին օրվանից մեկնել է ռազմաճակատ և վերադարձել է միայն օրեր առաջ: Պարոն Ա.Դանիելյանը ավելացրեց նաև, որ սույն հարցի կապակցությամբ բացատրական քննարկում է անցկացրել Ն.Պողոսյանի հետ, ով հստակ ընդգծել է, որ իր համացանցային հարթակներում կատարված գրառումները չեն պարունակում որևէ սպառնալիք: Ամփոփելով վերոշարադրյալը, պարոն Ա.Դանիելյանը տեղեկացրեց նաև, որ Ն.Պողոսյանին տրվել է բանավոր նկատողություն և վերջինիս զգուշացվել է հետագայում զերծ մնալ նմանատիպ գրառումներ կատարելուց։ Ամփոփելով՝ նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը ընդհանրապես անթույլատրելի է համարում հանրային հարթակում ատելության խոսքի տարածումը եւ հանրային բանավեճում անձնական վիրավորանքների լեզվի կրառումը: Միեւնույն ժամանակ, այս կամ այն աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվում է օրենսդրության սահմանած կարգով»:
Ստացվում է Երևանի քաղաքապետը չի պատրաստվում պաշտոնանկ անել Պողոսյանին։
Մենք հետամուտ ենք լինելու, որ Պողոսյանն ու նրա նմանները, ովքեր պառակտիչ գործունեությամբ են զբաղված դրսևորեն պաշտոնյային հարիր վարքագիծ։

Հիշեցնենք, որ մեր ահազանգով քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արեց Դավթաշենի թաղապետարանը հարբելու վայր դարձրած քաղծառայող պաշտոնյային։ Խոսքը Դավթաշենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանի մասին է, նա ըստ էության, դիրքերից իջած ընկերների հետ կապիտուլիացիայի պայմանագիրն էր նշել՝ իր աշխատասենյակում կերուխումի սեղան փռելով և լուսանկարը հրապարակելով սոցցանցի իր էջին։ Ի դեպ Սահակ Ասատրյանի հետ թաղապետարանում կերուխումին մասնակցողներից մեկն էլ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդի լեզվով՝ ասած՝ «Թաղման բյուրոյի» փոխտօրենն էր՝  Բագրատ Գրիգորյանը։

Փայլակ Ֆահրադյան