Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այնտեղ գտնվող Դադիվանքը մնալու է ռուս խաղաղապահների առանձին դասակի պաշտպանության տակ:

Դասակի հրամանատարը, նշելով որ իրավունք չունի առանց թույլտվության հայտնել իր անունը, «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է Դադիվանքի ապագայի և պաշտպանության մասին: Վերջինս հավելել է, որ իրենց ստորաբաժանումն ընդգրկված է ՌԴ խաղաղապահական ուժերի կազմում:

«Այստեղ ենք գտնվում նոյեմբերի 14-ից: Ծառայություն ենք իրականացնում և զբաղվում առօրյա կյանքով: Դիտակետեր ենք ստեղծել վանքի շուրջ գտնվող առանցքային կետերում: Մեր առաջադրանքն, առաջին հերթին, ավերածություններ, կողոպուտ, վանդալիզմի դրսևորումներ և սադրանքներ թույլ չտալն է»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը նշել է, որ իրենց առաջադրանքն է նաև համագործակցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ժամանեն տարածքների փոխանցման համար: «Մեր առաջադրանքը նրանց հետ համագործակցելն է: Եթե այստեղ հայ բնակիչներ մնան, մեր խնդիրը նրանց օգնելն է»,- ասել է սպան:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հետագայում հնարավոր կլինի ուխտագնացություն կազմակերպել դեպի վանական համալիր, նա նշել է. «Ես կասեմ իմ անձնական կարծիքը, որը, գուցե, տարբերվում է հրամանատարության դիրքորոշումից: Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի: Եվ ուխտագնացների համար հասանելիություն պետք է ապահովվի: Թե ինչպես դա պետք է տեղի ունենա, բարձրաստիճան անձանց բանակցությունների խնդիրն է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: