Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի Հանրապետության այն բնակավայրերի մշակութային կոթողներին ու ժառանգությանը, որոնք այս պահին հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն այդ ժառանգության անխաթարությունն ապահովելու համար՝ 168.am-ն այս հարցերի պատասխանները լսեց Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանից:

Արդյո՞ք մշակութային ժառանգությունը փրկելու հարցով նախարարությունն արդեն դիմել է միջազգային կառույցներին՝ մեր հարցին ի պատասխան՝ Լուսինե Ղարախանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորման փաստով պաշտոնական նամակով երկու օր անց դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն մնացել անարձագանք.

«Ես հիմա չեմ վստահում որևէ միջազգային կառույցի: Այժմ մենք քայլեր ենք ձեռնարկում ռուս խաղաղապահների միջոցով, ովքեր մեզանից պահանջել են պաշտպանության կարիք ունեցող հուշարձանների ցանկը: Կազմել ենք թշնամու տարածքն անցած բոլոր հուշարձանների ցանկը, իսկ դա շատ մեծ թիվ է, և առաջիկայում պետք է հանձնենք ռուս խաղաղապահներին: Ցանկեր տվել ենք նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի իրենք քայլեր ձեռնարկեն միջազգային կառույցների միջոցով»:

Նախարարը հավելեց, որ այդ կերպ հնարավոր կլինի նաև վերադարձնել արժեքավոր ցուցանմուշները՝ հատկապես Շուշիի և Հադրութի թանգարաններից:

Անդրադառնալով արցախցի երեխաների կրթության իրավունքի ոտնահարմանը՝ նա նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև այդ իրավունքի վերականգնման հարցով. «Շուրջ 24 հազար դպրոցականների, 4000-ից ավելի նախադպրոցականների, 5000-ից ավելի քոլեջների, ուսումնարանների, բուհերի ուսանողների կրթության իրավունքն արդեն ոտնահարված է:

Իհարկե, դպրոցականներին աջակցության է հասել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, բայց այդ երեխաներից ոչ բոլորն ունեն  դպրոց հաճախելու կամ առցանց ուսուցման հնարավորություն: Եվ ստեղծվել է մի շատ անելանելի, քաոսային վիճակ, որի հետևանքով տուժում է երեխաների կրթության իրավունքը: Եվ մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում ՝ամեն գնով փրկելու կրթությունը: Մենք պետք է  այս դժվար կացության մեջ  բոլոր ուժերը ներդնենք, բոլոր քայլերն անենք, որպեսզի կրթության դաշտում պարտություններ չունենանք: Եվ  մենք դա կանենք. մեզ օգնում են սփյուռքի մեր գործընկերները, մեր բարերարները՝ տեխնիկական միջոցների ձեռքբերման հարցում, մեզ օգնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ դասագրքերի ձեռքբերման հարցում: Մի շարք հարցեր լուծվել են այս ընթացքում, բայց, միևնույն է, դա չի կարելի համարել շատ լավ պատկեր, կրթության իրավունքի իրացում»:

Լուսինե Ղարախանյանը ցավով նշեց կրթական մի քանի կենտրոնների անուններ, որոնք մնացել են Շուշիում. «Մենք Շուշիում թողեցինք Տեխնոլոգիական համալսարանը՝ իր միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնով, Շուշիում մնաց տարածաշրջանի  լավագույն  կրթական մոդել ունեցող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը՝ այն եզակի էր տարածաշրջանում՝ հատկապես նյութատեխնիկական բազայով, Շուշիում մնաց Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը, որի ուսանողների ճակատագիրը դեռևս հայտնի չէ, և քննարկումների փուլում է հարցը, թե ինչ ենք անելու, Շուշիում մնաց Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը, Շուշիում մնաց Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցը»:

Արցախի մշակույթի նախարարին խնդրեցինք անդրադառնալ նաև Շուշի քաղաքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց բնորոշմանը, թե՝ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր»։

Լուսինե Ղարախանյանն ասաց. «Ես գիտեմ մի բան՝ Շուշին ինձ համար զուգորդվում է՝ որպես կրթամշակութային հզոր կենտրոն, Շուշին ինձ համար հաղթանակի ասոցիացիա է, հոգևոր վերելքի, զարթոնքի, մշակույթի զուգորդություն է, և Շուշին լինելու է հայկական. ես դեռ իմ հոգում և մտքերում չեմ հրաժարվել Շուշիից»: