Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության վրա գրավելու, այն ոչնչացումից զերծ պահելու նպատակով Մայր Աթոռում գործելու է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրասենյակի պատասխանատու Գարեգին վարդապետ Համբարձումյանն ասաց, որ չեն կարող անմիջականորեն պահպանել վերահսկողությունից դուրս մնացած մշակութային և հոգևոր հարստությունը, սակայն կարող են նպաստել դրա պահպանմանը միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում:

«Աշխատելու ենք երեք հիմնական ուղղությամբ. նախ և առաջ հուշարձանների վերաբերյալ գիտական ուսումնասիրություններ պետք է իրականացվեն, կազմակերպվեն գիտաժողովներ, հանդիպումներ, մասնագետների հետ քննարկումներ: Գրվելու են հոգևոր-մշակութային ժառանգության մասին հոդվածներ, թեզեր են պաշտպանվելու»,- ասաց նա:

Գարեգին վարդապետ Համբարձումյանի խոսքով՝ երկրորդ կարևոր ուղղությունն առցանց հարթակի վրա լուրջ շեշտադրում կատարելն է: Արդեն կայք է պատրաստվել, որը կներկայացվելու է առաջիկայում: Կայքում հնարավոր կլինի գտնել հուշարձանների ցանկերը, դրանց մասին ամբողջական և համակարգված տեղեկություններ, իսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Հայ եկեղեցու ժառանգություն» էջը, որն ունի 40 հազար հետևորդ, անվանափոխման կենթարկվի: «Այդ էջում անցած մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ տեղեկություններ ենք զետեղել հոգևոր-մշակութային, պատմական կառույցների, գործող եկեղեցիների ու վանքերի մասին: Յոթ շրջանում Արցախի թեմն ունի գործող եկեղեցիներ, և պետք է ամեն ջանք գործադրվի, որ այդ եկեղեցիներում պարբերաբար աղոթք հնչի, արարողություններ իրականացվեն»,- նշեց գրասենյակի պատասխանատուն ու անցավ երրորդ ուղղությանը, որը ենթադրում է հուշարձանների պահպանությամբ զբաղվող տեղական, արտասահմանյան միջզգային կառույցների հետ սերտ համագործակցություն:

Գարեգին վարդապետ Համբարձումյանի հավաստիացմամբ՝ այդ կառույցների ջանքերով ու կարողություններով հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հուշարձանների հանդեպ ոտնձգությունները: