Քիչ առաջ մեր լրագրողը պատահաբար ականատես է եղել, թե ինչպես են Իսահակյան փողոցի վրա գտնվող «Տերրասա» ռեստորանից դուրս գալիս մի խումբ գործարար-օլիգարխներ։ Այստեղ էին Սամվել Ալեքսանյանը, ով երեկ տետ ա տետ հանդիպել էր վարչապետի հետ՝ արժանանալով նրա հատուկ ընդունելությանը։

Նրա հետ էին «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, «Ջերմուկ Գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանը։ Մեզ ասացին, որ այս խումբը՝ մի քանի հոգի ավել կամ պակաս կազմով, պարբերաբար հանդիպում-ճաշում են միասին։ Հավանաբար քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը եւ իրենց պահվածքը՝ «ինչպես անել, որ հնարավորինս շատ փող աշխատել եւ բոլոր իշխանությունների հետ լավ լինել» բանաձեւով։ Այս անգամ հավանաբար նրանք մասնակցել էին Ռիտա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությանը եւ որոշել էին հետո «մի կտոր հաց ուտել» ու քննարկել իրենց հետագա անելիքները քանդվող ու պատերազմում պարտված երկրում։