«Ինքը ուզում ա ցույց տա որ ինքը ընդդիմություն ա, թե չէ իրան բազուկը չի հետաքրքրում: Ինք մեր հետա, բայց ուզում ա ցույց տա, որ մեզ հետ չի, թող իրան իզուր չճղի։ Ես կարամ ասեմ, որ ինքը մեր ախպերնա»: 2016 թվականին այսպես էր խոսել այդ ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի մասին, ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հանրության շրջանում առավել հայտնի Լֆիկ Սամո մականվամբ։ Ի դեպ ժամանակահատվածում էր, որ ընդդիմադիր Փաշինյանը Լֆիկ Սամոյին մեղադրում էր նաեւ սպանության մեջ։ Խոսքը՝ Արմեն Իսրայելյանի մասին է։ Նա եղել է Սամվել Ալեքսանյանի աշխատակիցը և շեֆի նման մականուն է ունեցել՝ «Ձուկ»։

Հանրությունը քաջ հիշում է Նիկոլ Փաշինյանի կատաղի պայքարը օլիգարխների դեմ։ ԱԺ ամբիոնից ընդդիմադիր Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է օլիգարխներին, նրան սպասարկողների, վերջիններիս անցյալի մասին։ 2018 -ի հայտնի իրադարձություններից հետո որոշ օլիգարխներ վարչապետ Փաշինյանի համար դարձան խոշոր սեփականատերեր։ Եվ այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետության 80 տոկոսը գրչի մեկ հարվածով տրվեց թշնամուն, երբ հազարավոր արցախցիներ մնացել են անտուն, գերիների հարցը որեւէ կերպ լուծված չէ, անհետ կորած զինծառայողների հարազատները զորմասերի ու Պաշտպանության նախարարության շենքի մոտ են լուսացնում, երբ ամեն օր պարզ է դառնում, որ մի գյուղ անցնում է թշնամուն, Փաշինյանը կառավարությունում ընդունում է մի շարք գործարարների, որոնց դարձյալ շեշտենք՝ նախկինում օլիգարխ էր անվանում։

Հանդիպման ավարտին էլ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության կողմերի միջև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Թե, հատկապես հենց հիմա ինչով պետք է օգներ կառավարությանը Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, կամ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաղորդագրությունում ասված չէ։ Արդյո՞ք երկրում բոլոր հրատապ խնդիրները լուծված էին, մնացել էր տնտեսականը։ Սա չենք ասում նրա համար, որ տնտեսական հարցերը էական նշանակություն չունեն։ Բայց հանուն ազնվության պետք է շեշտվի, որ մարդկային կյանքներն առավել կարևոր են։

Ի դեպ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չանդրադարձավ Սամվել Ալեքսանյանի հասցեին արված մեղադրանքներին։

Իշխանությունն արդյունավետ համագործակցում է նաեւ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ։ Թե հատկապես ինչ կարգով, ինչպես է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը և ինչ կապ ունի Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը կանդրադառնանք հաջորդիվ։

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին, ապա նրա գործերն հատկապես 2018-ի իրադարձություններից հետո լավ զարգանում են։ Կառավարությունում և կառավարությանը ենթակա գերատեսչություններում խմում են Սուքիասյանի ջուրը, մեքենաները՝ ապահավագրում վերջինիս պատկանող ընկերությանը։

Հիշեցման կարգով նշենք, որ երբ Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ Փաշինյանն իրենց ախպերն է, այդ ժամանակ արձագանքել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։
«Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին: Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եւ այսպես շարունակ:) Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն:))))»։

Երկու տարի անց պարզվեց՝ երկուսն էլ ճիշտ էին։

Irakanum.am