Չորս օր հայ զինծառայողները պաշտպանել են Շուշին, իսկ նոյեմբերի 10-ին նրանց հայտնել են, որ մարտեր այլևս չեն լինելու։ Այս մասին Свободная Пресса-ի հետ զրույցում ասել է ռազմական գործողությունների մասնակիցներից մեկը՝ 19-ամյա ժամկետային մի զինծառայող՝ Հայաստանի Հրազդան քաղաքից: Վերջինս մինչ պատերազմը ծառայել էր մեկուկես տարի, իսկ սեպտեմբերի 27-ից մեկնել է առաջնագիծ։

«Չորս օր պաշտպանել ենք Շուշին։ Ամեն ինչ գիշերը սկսվեց։ Սկզբում հետևակն էր կռվում, այնուհետև՝ հրետանին։ Նրանք կրակում էին մեր հրետանու ու հետևակի ուղղությամբ, որից հետո միացանք մենք։ Մեր դեմ կիրառվում էր ամեն ինչ՝ ինքնաթիռներ, անօդաչուներ, «Սմերչ» ռեակտիվ համակարգեր, ուղղաթիռներ։ Մոտ 800 զինվոր անդադար կրակում էին միմյանց ուղղությամբ։ Մարտերի սկսվելուց երկու օր անց մեզ հրամայեցին հեռանալ այդտեղից, և սկսեց աշխատել ավիացիան», — պատմել է զինծառայողը։

Նրա խոսքով՝ իրենք հասցրել են թշնամուց «մաքրել» Շուշին, սակայն թե՛ Շուշին, թե՛ Լեռնային Ղարաբաղն արդեն իրենցը չէին։

«Մոտավորապես նոյեմբերի 10-ին մեզ ասացին, որ մարտ այլևս չկա։ Մենք Շուշիում էինք գտնվում դեռ մինչև նոյեմբերի 14-ը, երբ այնտեղ արդեն ադրբեջանցի զինվորներ կային։ Քաղաքի մի կողմում մենք էինք, մյուսում՝ նրանք», — հավելել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։