Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yenişafak լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի` «արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման» գործընթացում, որը սկսվել էր Բահրեյնից և Արաբական Միացյալ Էմիրություններից, նոր կարևոր զարգացումներ են տեղի ունենում։

Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել է իսրայելական հատուկ ծառայությունների (Mosad) տնօրեն Յոսի Քոհենը: Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն մասնավոր ինքնաթիռով կարճատև այց է կատարել Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի ափին գտնվող Նեոմ քաղաք: Նախկինում հայտարարվել էր, որ Մուհամմադ Սալմանն ու Պոմպեոն հանդիպում են ունեցել հենց այս քաղաքում։ Կատարվածի վերաբերյալ Նեթանյահուի գրասենյակը դեռևս պաշտոնական  մեկնաբանությամբ հանդես չի եկել։

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի հետ Իսրայելում ստորագրված կարգավորման համաձայնագրերը, որոնք հիմնականում ունեին հակաիրանական ուղղվածություն, առաջ են բերել պաղեստինցիների դժգոհությունը:

Իսրայելն ակտիվորեն շարունակում է արաբական երկրների մեջ դաշնակիցների «փնտրտուքը»։ Վերջերս հայտարարվեց, որ Իսրայելի կառավարությունը սերտ հարաբերությունների մեջ է Սուդանում Օմար ալ-Բաշիրի տապալումից հետո իշխանության եկած անցումային կառավարության հետ: Իսրայելը քայլեր է ձեռնարկում նաև Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն Էր-Ռիադի վարչակազմը մինչ այժմ պաշտոնապես հրաժարվում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հարաբերությունների կարգավորման նախապայման են համարում պաղեստինցիներին խոստացված անկախ պետության տրամադրումը։ Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան վերջերս թույլատրել է իսրայելական ավիաընկերություններին օգտագործել Սաուդյան Արաբիայի օդային տարածքը՝ դեպի Ծոցի երկրներ և Ասիա թռիչքներ իրականացնելու համար։