Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր դարձել է էական խնդիր, քանզի նրանց դեմ արդեն սկսվել է վանդալիզմ: Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցնում է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի` ժամանակին Ռուսաստան տեղափոխելը: Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը: