Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու պայքարի միջազգային օրվա նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրի ուղղությամբ, հաղորդում է DW-ը:

«Մենք չպետք է անգործության մատնվենք, եթե աղջիկներին եւ կանանց սպառնում են կամ նրանց դեմ իրագործում են բռնարար գործողություններ»,-ասել է Մերկելը:

Նա անվանել է «մտահոգիչ» հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ Գերմանիայում յուրաքանչյուր երրորդ կինն առնվազն մեկ անգամ ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական բռնության, եւ յուրաքանչյուր 45 րոպեն մեկ երկրում կինը դառնում է բռնության զոհ իր ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից:

1999 թվականին ՄԱԿ-ի ԳՎ-ն բանաձեւ է ընդունել, որով նոյեմբերի 25-ը հռչակվել է որպես Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու պայքարի միջազգային օր, եւ առաջարկել կառավարություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ ուղղված այդ խնդրի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը: