Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ, այսօր ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես եկավ  սկանդալային հայտարարությամբ։ Վանեցյանը ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:

«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասել էր  Վանեցյանը:

Արդյո՞ք այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նման հրահանգ ստացել է, Irakanum.am-ը փորձեց պարզել Օսիպյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են բոլորին։ «Ես ու իմ ընկեր, գեներալ Վանեցյանը եղել ենք Իջևանում և թույլ չենք տվել, որ այդ  արյան գետերը հոսեն »,- ասաց նախկին ոստիկանապետը, այլ հարցերի չպատասխանելով։

Irakanum.am