Կառավարությունը չի կարող ժխտել այսօրվա հանրահավաքի ընթացքում իմ ասածները: Հավատացեք՝ ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել Իջևանում փայտահատների բողոքի ակցիայի հետ կապված, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հիշո՞ւմ եք՝ Իջևանում զանգվածային անկարգություններ եղան, և ես հայտնվեցի այնտեղ: Շատերի կողմից քննադատություն կար, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը հասակական վայրում կարգուկանոն ապահովելու հարցում: Շատ պարզ մի պատճառ կար: Ես այդ օրն աշխատանքային այցով Արցախում էի: Ինձ զանգահարեց Վալերի Օսիպյանն ու ասեց, որ Իջևանում իրավիճակը լարված է: Այնուհետև ինձ զանգահարեց իմ տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը և ասեց՝ վարչապետը հանձնարարել է, որ մեկնենք Իջևան, Ալֆա ջոկատայիններին տանենք, որ ժողովրդին ծեծեն: Ասեցի՝ հանկարծ նման բան չանեք, որովհետև այդ վարչությունը նախատեսված է այլ գործառույթների՝ հակաահաբեկչական գործառույթներ իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ «ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել»: Ասում էինք, որ չի կարելի», — ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ ինքն ու Օսիպյանը չեն տրվել ապօրինի հրամաններին և էմոցիաներին ու կարողացել են առանց արյան գետերի կանխել վտանգը: