Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զարուհի Բաթոյանին կատարած աշխատանքի համար և Մեսրոպ Առաքելյանին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

«Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, տնտեսական վիճակի հետ: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Քիչ առաջ պարոն Առաքելյանին ասում էի, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ տիկին Բաթոյանը և նախարարության թիմն այս աշխատանքում լիովին կաջակցեն նորանշանակ նախարարին: Սա բոլորիս խնդիրն է և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս խնդրի լուծման համար», — ասել է վարչապետ Փաշինյանը:

Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և համատեղ աշխատանքի համար:

«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ուզում եմ աշխատակազմին հատուկ շնորհակալություն հայտնել 2020 թվականին համավարակի, ինչպես նաև պատերազմական դրության ընթացքում կատարած ծանրաբեռնված աշխատանքի համար: Բոլորս գիտենք, որ բոլոր խնդիրների դեպքում առաջին հերթին հետևանքները սոցիալական ոլորտին են բաժին ընկնում: Մենք 2020-ին նախատեսել էինք իրականացնել բազմաթիվ համակարգային փոփոխություններ, սակայն խնդիրները դրանք բավականին հետաձգեցին: Այնուամենայնիվ, կատարել ենք բավականին մեծ նախապատրաստական աշխատանք և ես հույս ունեմ, որ պարոն Առաքելյանի հետ համատեղ նաև այդ աշխատանքները կհասցնենք իրականացնել: Ես ինքնս որպես հավասար հնարավորությունների ջատագով և սոցիալական ոլորտի մարդ՝ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հաջողություն մաղթելով պարոն Առաքելյանին՝ նշեմ, որ պատրաստ եմ աջակցել նախարարության աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին և մշտապես նաև կապի մեջ լինել թե նախարարի, թե նախարարության մեր գործընկերների հետ», — նշել է Զարուհի Բաթոյանը: