Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է իսլամ դավանող հոգևոր կազմակերպությունների առաջնորդների հետ և մի քանի օր ժամանակ է նրանց տվել «հանրապետական արժեքների ընդունման համար»։ Այժմ քարոզչության իրավունք ստանալու համար նրանք պետք է հավատարմագրվեն, գրում է geopolitica.ru-ն։

Նախագահ Մակրոնը ֆրանսիացի մահմեդականներին ընդամենը 15 օր ժամանակ է հատկացրել հանրապետական արժեքների խարտիան ընդունելու համար։ Կրոնական կազմակերպությունների առաջնորդներին ներկայացված փաստաթուղթը ենթադրում է իմամների ազգային խորհրդի ստեղծում, որը քարոզելու համար պաշտոնական հավատարմագրեր կտրամադրի։

Փաստաթղթում սահմանված է նաև, որ դավանանքը պետք է խիստ տարանջատվի կրթությունից ու պետությունից։ Բացի այդ, դրանով արգելվում է օտարերկրյա միջամտությունը մահմեդական համայնքների կյանքին։

Ինչպես գրում է պարբերականը՝ պետության նման քաղաքականությունը կրոնական համայնքների նկատմամբ պայմանավորված է հոկտեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձություններով։
Հոկտեմբերի 16-ին կրոնական հայացքների պատճառով ազգությամբ չեչեն տղամարդը գլխատել է պատմության ուսուցիչ Սամյուել Պատիին։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան թունիսցի երիտասարդը դանակով հարձակվել է Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող մարդկանց վրա՝ սպանելով երեքին ու վիրավորելով ևս մի քանիսին։ Նույն օրը Ավինյոնում ոստիկանները ոչնչացրել են մի տղամարդու, որը փորձում էր հարձակվել իրավապահների վրա, իսկ Լիոնում ձերբալալել զինված մեկ այլ տղամարդու, որը պատրաստվում էր հարձակում իրականացնել տրամվայի ուղևորների վրա։