Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք գնահատում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն շեշտում է  տարածաշրջանում հաշտեցման խնդրի իրագործումը, որում մեր խորին համոզմամբ կայանում է հետագա աշխատանքների ողջ իմաստը, եթե մտածենք բացառապես միայն մարդկանց մասին, այլ ոչ թե որևէ այլ շահերի»,- ասել է Լավրովն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորման գործին միջազգային կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտությունը:

«Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության: Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը: Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների որոշմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև

Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: