«Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության կազմից) գործարքն արդեն 95%-ով համաձայնեցված է, սակայն մի շարք հարցերի շուրջ դեռ կան զգալի տարաձայնություններ։ Այս մասին շաբաթ՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը, որը ծանոթացել է ուրբաթ Բրյուսելում բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնի ներկայացրած փաստաթղթերին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Յուհանսոնը տեղեկացրել է, որ առևտրային համաձայնագրի տեքստն այժմ վերջնական համաձայնեցման փուլում է, սակայն նա նաև խոստովանել է որ երեք առանցքային ոլորտներում մոտեցումների տարբերություններ դեռ կան։ Խոսքը «Բրեքզիթ»-ից հետո ձկնորսական քվոտաների բաշխման, բրիտանական ու եվրոպական ընկերությունների միջև հավասար մրցակցային պայմանների ապահովման ու ձեռք բերբած պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին է։

«Այս հարցերի ուղղությամբ Մեծ Բրիտանիան զգալի քայլեր չի արել», — նշել է Յուհանսոնը՝ հավելելով, որ այս ոլորտներում առաջընթացի բացակայության դեպքում Լոնդոնի ու Բրյուսելի միջև «տնտեսական համագործակցություն չի լինի»։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, մյուս հարցերը, որոնց շուրջ բանակցող կողմերը դեռ համաձայնության չեն եկել, եվրոպացի աշխատակիցների բուժօգնության ապահովման, ընտանեկան նպաստների, ֆինանսական ծառայությունների, բեռնափոխադրումների ու մտավոր սեփականության հարցերն են։

Միևնույն ժամանակ ԵՄ-ում կարծում են, որ «քաղաքական կամքի առկայության և բոլոր կողմերի շահերի հաշվի առնելու» դեպքում գործարքը հնարավոր կլինի կյանքի կոչել։ Եվրամիության հավաստիացմամբ՝ կողմերը ցանկանում են հասնել համաձայնության մինչ անցումային շրջանի ավարտը, որի ընթացքում Միացյալ Թագավորության վրա տարածվում են եվրոպական բոլոր նորմերը։ Անցումային շրջանն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, և մինչ այդ օրը համաձայնությունը պետք է կնքված ու վավերցված լինի ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից։

Ինչպես հաղորդում է Sky News-ը, գործարքի ձեռքբերման դեպքում դիտարկվում է գործողությունների երեք հնարավոր տարբերակ։ Դրանցից մեկը գործարքի տեքստը միայն անգլերեն կազմելն է, ինչը կարագացնի վավերացման գործընթացը, սակայն այս մոտեցմանը դեմ է Ֆրանսիան։ Մյուսը առաջարկը դեկտեմբերի 25-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Եվրախորհրդարանի արտահերթ նիստի անցկացումն է, իսկ երրորդը՝ համաձայնության «ժամանակավոր կիրառման» հնարավորությունը, ինչը ենթադրում է, որ կողմերը դրա հիման վրա կսկսեն գործել հունվարի 1-ից, սակայն վավերացումն ավելի ուշ կիրականացվի։