Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը «Մագնիտսկիի գործի» հետևանքով Լոնդոնի սահմանած պատժամիջոցներին ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի 25 ներկայացուցչի արգելել է մուտք գործել ՌԴ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Զախարովան հիշեցրել է, որ «հուլիսին բրիտանական իշխանությունները հորինված և անհեթեթ պատրվակներով ազգային պատժամիջոցներ են սահմանել մի շարք ռուս պաշտոնյաների նկատմամբ»։

«Մագնիտսկիի մահվան հետ կապված բոլոր սցենարների վերաբերյալ բազմիցս տվել ենք սպառիչ մեկնաբանություններ և բացատրություններ, որոնք, սակայն, Լոնդոնում, ըստ երևութին, նախընտրում են չնկատել: Հասկանալի չէ, թե այնտեղ ինչ հիմքով են «մեղավորներ» նշանակում և նրանց նկատմամբ «պատժամիջոց» սահմանում»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։

Դիվանագետի խոսքով՝ դրանով Մեծ Բրիտանիան փորձում է այլ երկրի ներքին գործերին խառնվել և ճնշում գործադրել իրավապահ համակարգի վրա։

Նշվում է, որ հենց այդ «ոչ բարեկամական» գործողություններին ի պատասխան և փոխադարձության սկբունքի հիման վրա՝ ռուսական կողմն անձնական պատժամիջոցներ է սահմանել 25 բրիտանացու նկատմամբ»։