Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա ազատ է արձակվել: Գործով դատավորն էր Ռոբերտ Պապոյանը։

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։ Արա Սաղաթելյանը կասկածանքը չի ընդել։

«Ինձ բերման ենթարկելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր: Առաջադրված կասկածանքը իրականությունից չի բխում և դա ունի բազմաթիվ ապացույցներ, իսկ իրավապահ մարմինների գործողություններում տեսնում եմ նպատակաուղղվածություն: Դրանք ուղղորդված էին իմ անձի դեմ քաղաքական ղեկավարության կողմից: Նրանց մեջ կան անձինք, որոնք մտասևեռվածություն ունեն իմ անձի դեմ: Եվ սա իմ դեմ իրականացվող առաջին գործողությունը չէ», —  ձերբակալվածների պահման վայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ձերբակալությունը, ընդգծեց նա, ապօրինի էր: Սաղաթելյանը նշեց, որ ոստիկանության աշխատակիցը զեկուցագիր էր ներկայացրել, որը ինքը չէր տեսել.«Ինձ որևէ մեկը չէր ներկայացել, օրինական պահանջ չէր ներկայացվել»:

Հարցին՝ շարունակելո՞ւ է մասնակցել ակցիաներին՝ ասաց, որ մասնակցում է այն ամենին, ինչին գտնում է նպատակահարմար:

Ձերբակալվածների պահման վայրի մասով էլ Արա Սաղաթելյանը նկատեց. «Պայմանները նորմալ էին, բոլոր կանոնները պահպանվում էին»:

facebook sharing button