Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են ՌԴ Օրենբուրգի շրջանի 40-ամյա  բնակչի, որը կասկածվում է  երթուղայինում դիմակ կրելու խնդրանքի պատճառով սպանության համար: Այդ մասին այսօր` նոյեմբերի 20-ին, տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ կառույցի մամուլի ծառայությունից, գրում է eadaily.com կայքը:

Սանկտ Պետերբուրգի երթուղայիններում դիմակների կրումը պարտադիր է բոլոր ուղևորների համար:

Նոյեմբերի 17-ին տեղի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Սանկտ Պետերբուրգի Արդյունաբերական պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել` ծակող-կտրող վերքերով: Քննիչները սպանության հոդվածով քրեական գործ են հարուցել: Ոստիկանները ճշտել են, որ սպանվածն ապրում էր Լենինգրադի շրջանում և աշխատում էր որպես գիտական կենտրոնի փոխտնօրեն:

«Հաստատվել է, որ նոյեմբերի 17-ի երեկոյան տղամարդը երթուղայինով վերադառնում էր կորպորատիվից: Ճանապարհին նա վեճի է բռնվել երկու ուղևորի հետ. նա նկատողություն է արել մի տղամարդու և մի կնոջ և խնդրել է դիմակներ կրել»,-նշել են ոստիկանությունում:

Վեճը շարունակվել է փողոցում: Ձերբակալվածը, որը ինչպես պարզվել է, նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի առևտրի և մարդ ծեծելու համար, դանակով մահացու հարվածներ է հասցրել տղամարդուն: