Կալիֆոռնիան գիշերային պարետային ժամ է մտցնում՝ փորձելով կանխել կորոնավիրուսի դեպքերի տարածումը, որը սպառնում է կործանել նրա առողջապահության համակարգը։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Գեւին Նյուսոմը։

Շաբաթից սկսած բնակիչները պետք է տանը մնան 22:00-ից մինչեւ առավոտյան 05:00։ Միջոցառումը գործելու է մինչեւ դեկտեմբերի 21-ը, բայց կարող է երկարաձգվել, եթե  հիվանդացության միտումը չբարելավվի։ Պարետային ժամը տարածվում է 94 տոկոսի՝ նահանգի գրեթե 40 մլն բնակիչների վրա։

«Վիրուսն այնպիսի արագությամբ է տարածվում, ինչը չի դիտվել այս համավարակի սկզբում, եւ հաջորդ մի քանի օրերն ու շաբաթները որոշիչ նշանակություն կունենան ալիքը կանգնեցնելու համար։ Մենք ահազանգ ենք հնչեցնում»,- նշված է Նյուսոմի հայտարարության մեջ։