Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը կարող է «լայնամասշտաբ պատերազմ» հրահրել նախագահ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթներին: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Հուսեյն Դեհգանը:

«Սահմանափակ մարտավարական բախումը կարող է վերածվել լիարժեք պատերազմի»,- ասել է Դեհգանը: «Միանշանակ, Միացյալ Նահանգները, տարածաշրջանը եւ աշխարհը չեն կարող դիմանալ նման համապարփակ ճգնաժամին»:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփը Օվալաձեւ կաբինետում հանդիպում է անցկացրել, որպեսզի քննարկի Իրանին ռազմական հարված հասցնելու տարբերակները՝ նրա միջուկային ծրագիրը դադարեցնելու համար: Դրանից մեկ օր առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել էր, որ Թեհրանում ուրանի պաշարները 12 անգամ գերազանցում են միջուկային այն համաձայնագրով թույլատրվածը, որից ԱՄՆ-ը դուրս է եկել 2018թ.։ Հաղորդվում է, որ փոխնախագահ Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը եւ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի գեներալ Մարկ Միլլին խորհուրդ են տվել նախագահին զերծ մնալ հարվածից:

«Մենք չենք ողջունում ճգնաժամը: Մենք չենք ողջունում պատերազմը: Մենք չենք պատրաստվում պատերազմ սկսել»,- ասել է Դեհգանը: «Բայց մենք չենք ուզում բանակցություններ հանուն բանակցությունների»:

Իրանի նախագահի հավանական թեկնածու Դեհգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն առնչվի բալիստիկ հրթիռներին, որոնք «զսպող գործոն» են Թեհրանի հակառակորդների համար: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի պարագայում ոչ մեկի հետ չի բանակցի իր պաշտպանական հզորության շուրջ»,- ասել է նա: «Հրթիռները մեր մասնագետների, երիտասարդության եւ արդյունաբերական կենտրոնների հսկայական ներուժի խորհրդանիշն են»: