Ադրբեջանի հետ ԼՂ շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները մեծ ռիսկ են ներկայացնում Հայաստանի և այդ ժողովրդի պատմամշակութային ժառանգության համար, The Guardian-ի համար հոդվածում գրում է Դեյլ Բերնինգ Սավան։

Հոդվածագիրը նշում է, որ Արցախում կա 3500 վանք, եկեղեցի, հայկական խաչքար և տապանաքար, սակայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո դրանցից շատերն անցնելու են այդ երկրի վերահսկողության տակ։

Մեջբերելով քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի և մարդաբան Սարա Պիկմանի նախորդ տարվա զեկույցը՝ հոդվածագիրը մատնանշում է Նախիջևանում իրականացված «մշակութային զտման» Ադրբեջանի 30-ամյա արշավը։

Սավան ընդգծում է, որ արբանյակային լուսանկարները, ծավալուն փաստագրական վկայությունները և անձնական հաշվետվությունները ցույց են տվել, որ 1997-2006թթ. ընթացքում ավերվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար և 22 000 տապանաքար, ներառյալ Ջուղայի հայկական գերեզմանոցը՝ աշխարհի խոշորագույն հինավուրց գերեզմանատունը:

Խոսելով մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ քաղաքի մասին, որտեղ հայտնաբերվել են բացառիկ գտածոներ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը նշել է, որ այն նույնպես դարձել է վերջին հակամարտության թիրախը։

Հոդվածագիրը նշում է, որ հայկական պատմամշկութային վայրերի պահպանության վերաբերյալ հույսը մեծ չէ, ի վերջո, Ջուղայի գերեզմանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում էր ընդգրկվել մինչև այն ոչնչացնելը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։