Նոյեմբերի 9-ին կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրաժարական չի ներկայացնում վարչապետի պաշտոնից, այլ զբաղված է սեփական թիմակիցներին փոխարինելով։ Ներկայացնելով ճանապարհային քարտեզը Փաշինյանը ի թիվս այլ կետերի ներառել էր կառավարության կազմի փոփոխության կետ։ Արդեն իսկ մի շարք նախարարներ հրաժարականի դիմում են ներկայացրել։ Առաջինը հեռացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որին հաջորդեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Խոսվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնակությունների մասին։ Ընդդիմությունը և հասարակության առողջ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն նա է, մեղավորներ փնտրելու, յուրայիններին մեկ ուրիշ յուրայինով փոխելու գործընթացը չի կարող մոռացության մատնել տեղի ունեցածը, հետեւաբար Փաշինյանը հենց սկզբից պետք է առաջարկեր վարչապետի հրաժարականը։ Կառավարության կազմի փոփոխությունը առաջիկայում կշարունակվի։ Քավության նոխազ կդառնան բոլորը, բացառությամբ այս պահին ուժային կառույցները ղեկավարողները։

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով իրավապահ համակարգի ղեկավարները, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հավատարմության երդում են տվել Նիկոլ Փաշինյանին։ Բացի այդ այս կառույցների ղեկավարները պատերազմի օրերին իրենց աշխատակիցներին են ուղարկել առաջնագիծ, իրենք մնացել՝ տաքուկ կաբինետներում։ Մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյան- ուժային ղեկավարներ հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ բարձրաստիան պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել կատարել վարչապետի հրահանգները՝ ընդդիմադիրներին լռեցնելու «սուրբ» գործում։

Միաժամանակ նրանք հայտարարել են, որ «յոլա» կգնան առանց պարգեւավճարի, իսկ համակարգի աշխատակիցներին տարբեր մեթոդներով կլռեցնեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանին գոհացրել է ուժային ղեկավարների առաջարկությունը և նրանք այս փուլում կշարունակեն պաշտոնավարել։ Արդյունքում ստացվում է, որ կառավարության կազմի 80 տոկոսի փոփոխությունը վերաբերում էր նախարարներին, իսկ իրավապահ համակարգի ղեկավարները այս պահին դեռ պետք են՝ կմնան։

Irakanum.am