«Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի ցույց տրվի, թե ամեն ինչ լավ է, ոչինչ տեղի չի ունեցել, որ Արցախը հանձնվել է՝ ոչինչ, որ թուրքի առաջ Հայաստանը ծնկի է բերվել՝ ոչինչ, որ 5 հազարից ավելի երեխաներ են մահացել՝ ոչինչ, որ գերիներ, անհետ կորածներ զինվորականներ ունենք՝ ոչինչ, որ տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիներ ունենք, ովքեր չգիտեն ինչ են անելու՝ ոչինչ և ընդամենը աշխատանքի իմիտացիա է արվում։ Սա ընդամենը աշխատանքի իմիտացիա է»։ Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով մի շարք նախարարների հրաժարականներին և կառավարության կազմի փոփոխությանը, նման բնութագրում տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ով էլ իր հրաժարականը պահանջի, երկրագունդն էլ ճեղքվի, փոքր Մհերն էլ դուրս գա, ինքը հրաժարական չի տալու։ «Սա ընդամենը կեղծ կայունության, ֆեյք իլուզիայի ստեղծում է։ Ինչպես երկիրը 2.5 տարի կառավարեցին ֆեյքերով, ինչպես 2.5 տարի ՊՈԱԿ-ում, ֆեյքերի Հովոներով փորձեցին շեղել հանրային կարծիքը, որ իբր իրենք անքննադատելի են, անքննելի և հանրության 90 տոկոսը Նիկոլին համարում է փրկիչ, ռեմբո և այլն, և այդ ֆեյք իրականությունն էր նաեւ պատճառն էր, որ մենք ունեցանք այս ահասարսուռ պարտությունը, երբ որ պետության փողերը դրեցին ոչ թե զենք գնելու վրա, այլ՝ ՊՈԱԿ-ի տակ, ֆեյքեր ֆինանսավորելու համար և նրանք դեռ ծանրագույն քրեական հոդվածներով ենթարկվելու են պատասխանատվության։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է ֆեյք կայունության իլուզիա ստեղծել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ շատ ցավալի է, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ արհավիրքի առաջ է կանգնացրել Հայաստանին և Արցախին, շարունակում է ժանգլորությամբ ընդամենը ժամանակ ձգել։ Նաիրա Զոհրաբյանը կոչով դիմեց այն մարդկանց, որոնց այս օրերին Նիկոլ Փաշինյանը փորձում է, համոզում է, որ այս կամ այն նախարարի պորտֆելը ստանձնեն։ «Որովհետեւ իրեն թվում է, որ եթե ինքն ազատվում է հանրության համար ատելի Արսեն Թորոսյանից, Արայիկ Հարությունյանից, կամ սոցապ նախարարից, որը ինչով ասես զբաղվեց, բացի սոցիալական խնդիրներով, հանրության ուշադրությունը կկարողանա շեղել իր անձից, ոչ։ Այսօր նույնիսկ ատելի Թորոսյանն ու ատելի Հարությունյանը որևէ մեկին չեն հետաքրքրում, այսօր հանրությունը մեկ բան է ուզում՝ Նիկոլ հեռացիր։ Ի դեպ Նիկոլը հեռանում է։ Ես շատ ցավ ապրեցի, որ Արա Այվազյանը համաձայնեց նախարար դառնալ։ Եթե ես իմանայի, նրան վերջին բարեկամական հորդորը կանեի, որ Արա, մի արա, քեզ վրա մի վերցրու դավաճանության, պարտության և հայրենադավության պատասխանատվությունը»,- ասաց նա։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի Նիկոլ Փաշինյանը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջարկել է զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը, որը մերժվել է։ «Դա այլեւս նախարարի աթոռ չէ, դա այլեւս դավաճանական խունտայի աթոռ է, մի նստեք այն աթոռի վրա, որտեղ հավերժ դաճված է դավաճանության պիտակը և մի վերցրեք ձեզ վրա պատասխանատվությունը, որի համար դուք դեռեւս պատասխանատու չեք։ Վերցնելով պատասխանատվություն դառնում եք հանցակից» ,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Irakanum.am