Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ցուցումով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվել է լրացուցիչ հինգ կենտրոն: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Eadaily-ն։

Ստեղծվել են մարդասիրական ականազերծման կենտրոն, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոն, տրանսպորտային ապահովման կենտրոն, բժշկական ապահովման կենտրոն և առևտրակենցաղային ապահովման կենտրոն։

Ռազմական գերատեսչությունում նշել են, որ մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը նոյեմբերի 20-ից ձեռնամուխ կլինի առաջնահերթ միջոցառումների իրականացմանը։

Օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։