Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը խոստացել է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի համար ապահովել անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի հուշարձաններ և սրբավայրեր:
«Նույնը վերաբերում է պատմական, մշակութային, կրոնական ժառանգության օբյեկտներին: Ես զրուցել եմ Իլհամ Հեյդարովիչի հետ: Նա հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունները վերահսկելու են ամեն ինչ՝ ապահովելու այդ կրոնական վայրերը», — ուրբաթ ասաց Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը վերաբերող հանդիպման ժամանակ: Տեսակոնֆերանսի միջոցով անցկացվող այս հանդիպման բանախոսներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն էր:
«Դրանցից մեկը գտնվում է ձեր վերահսկողության գոտում՝ ամենահին քրիստոնեական վանքերից մեկը: Անհրաժեշտ է նաև այստեղ մուտքի հնարավորություն ապահովել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար: Եվ Ադրբեջանում նույնպես կան քրիստոնյաներ, և սա նաև հին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է: Մենք դա պետք է ի նկատի ունենանք անհրաժեշտ աշխատանքային ռեժիմ հաստատելու համար», — ասաց Պուտինը ռուս խաղաղապահների հրամանատարին: