Ամերիկայն Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, ձեռնարկատեր Իլոն Մասկը Bloomberg գործակալության՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նախօրեին բարելավել է դիրքերը՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում և առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից:

Գործակալությունը մանրամասնում է, որ Tesla-ի արժեթղթերը չորեքշաբթի թանկացել են 10%-ով՝ դրանով Մասկի ունեցվածքը ավելացնելով 10.2 միլիարդ դոլարով: Այս պահին, գործակալության փոխանցմամբ, ձեռնարկատիրոջ ընդհանուր ունեցվածքը կազմում է 120 միլիարդ դոլար: Ցուցակի չորրորդ տեղը 103 միլիարդ դոլարով զբաղեցնում է Մարկ Ցուկերբերգը, հինգերորդ տեղում LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ֆրանսիական ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բերնար Առնոն է:

Այսպիսով՝ 49-ամյա Մասկը իր կարողությամբ զիջում է միայն ամերիկացի երկու գործարարի: Bloomberg-ի ցուցակի երկրորդ տեղում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է (128 միլիարդ դոլար), իսկ առաջատարն արդեն երրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 183 միլիարդ դոլար: