Սեպտեմբերի 29-ին Արցախ Քաշաթաղի շրջանից Հայաստան տեղափոխված Գալստյանների ընտանիքը ապաստանել է Նոր Խարբերդ համայնքում։

Տիկին Ասլիի որդին՝ Համլետը, որպես պահեստազորային սեպտեմբերի 27-ին մեկնել է առաջնագիծ։ Իսկ ինքը հարսի՝ Հռիփսիմեի և երկու մանկահասակ թոռների՝ 1-ամյա Ասմինեի և 2-ամյա Գոհարի հետ եկել է Հայաստան։

«Որդիս պատերազմ գնալիս ասաց՝ մամ, դուք գնացեք, բայց ես չէի շտապում, քանի որ հույս ունեի՝ մի քանի օրից պատերազմը կավարտվի։ 29-ի առավոտյան տնից դուրս գալիս տեսա այրվող ԱԹՍ ու արդեն սկսեցի վախենալ թոռնուհիներիս համար։ Գալով Հայաստան՝ հանդիպեցինք Հռիփսիմեին, որը, լսելով մեր պատմությունը, մեզ տանիք հատկացրեց։ Շնորհակալ եմ բոլոր բարերարներին, որոնք հենց առաջին օրվանից օգնեցին մեզ։ Բայց մենք ուզում ենք աշխատանք գտնել, տուն վարձել, առանձնանալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ասլի Գալստյանը։

Ընտանիքն Արցախում զբաղվել է գյուղատնտեսությամբ և շինարարությամբ, հիմա էլ պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել։

Հինգհոգանոց ընտանիքին հյուրընկալել է Հռիփսիմե Գալստյանը, որի ժամկետային զինծառայող որդին և զինվորական ամուսինը պատերազմի օրերին գտնվել են առաջնագծում։ Հռիփսիմեն չի բացառում՝ ապագայում հնարավոր է ուրիշ ընտանիքների էլ հյուրընկալի։ «Մեր գյուղը գրավված է։ Չգիտենք՝ մեր տունը ինչ վիճակում է, բայց թուրքը հիմա մեր գյուղերում է, մեր տներում»,- ավելացրեց Ասլի Գալստյանը։