Այսօր ազգային անվտանգության ծառայությունում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ծառայության նոր տնօրեն Արմեն Աբազյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև Արգիշտի Քյարամյանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա բարդ շրջանում է ստանձնել պաշտոնը:

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ պարոն Քյարամյանի ներուժն անպայմանորեն կօգտագործվի մեր պետության կայացման հետագա գործընթացներում»,֊ընդգծեց վարչապետը։ Թե որտեղ և ինչ կարգավիճակում կօգտագործվի Քյարամյանի ներուժը, առայժմ հայտնի չէ, սակայն վարչապետի այս հավաստիացումից կարելի է ենթադրել, որ ԱԱԾ նախկին ղեկավարին նոր պաշտոն է սպասվում։

Հիշեցնեք՝ 29-ամյա Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարեց ընդամենը չորս ամիս, պաշտոնանկ եղավ հոկտեմբերի 8֊ին։ Քյարամյանի պաշտոնանկության պատճառն այդպես էլ անհայտ մնաց հանրությանը։

Նրան աշխատանքից ազատելուց առաջ վարչապետը ֆեյսբուքում աղմկահարույց գրառում էր կատարել, որի համաձայն պատերազմի օրերին առաջնագծում դավաճաններ են եղել, որոնք հայտարարել են, թե Փաշինյանը պատրաստվում է հողերը հանձնել։