«Ռոս պոտրեբնադզոր»-ում հիշեցրել են, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված հիվանդությունը ծխողների մոտ հաճախ ծանր ընթացք է ունենում, ուստի` համավարակի ֆոնին մասնագետները կոչ են անում հրաժարվել ծխախոտից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասինԾխախոտից հրաժարվելու միջազգային օրվա կապակցությամբ գրված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ծխախոտից հրաժարվելու միջազգային օրվա կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հիշեցնում է, որ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ծխողների մոտ COVID-19 հիվանդությունը հաճախ ծանր ընթացք է ունենում: «Ռոսպոտրեբնադզոր»-ը քաղաքացիներին կոչ է անում պաշտպանել առողջությունը ծխախոտի գործածության կործանարար ազդեցությունից ու հետևել բժիշկների խորհուրդներին COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների համատեքստում», — ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, գերատեսչությունում նշել են, որ անգամ թույլ ազդեցություն ունեցող ծխախոտները նույնքան վնասակար են, որքան ուժեղ ազդեցություն ունեցողները: Մասնագետները նախազգուշացնում են, որ ծխախոտի երկարատև գործածությունը բարձրացնում է քաղցկեղի և այլ հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 10 ծխախոտ ծխելու դեպքում երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է 1,5 անգամ, մինչդեռ օրական 20 և ավելի ծխախոտի դեպքում՝ 2 անգամ:

Նշվում է նաև, որ ծխախոտի գործածությունը հանգեցնում է մաշկի վաղաժամ ծերացման ու բարձրացնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը 50%-ով: Բացի այդ, այս վնասակար սովորությունը կրճատում է տղամարդկանց կյանքի տևողությունը 12 տարով, իսկ կականց կյանքի տևողությունը՝ 11 տարով: Ավելին՝ այն նաև բացասաբար է անդրադառնում մարդկանց վերարտադրողական համակարգի առողջության վրա և կարող է հանգեցնել տղամարդկանց մոտ սեռական անկարողության ու անպտղության զարգացման, իսկ կանանց մոտ՝ անպտղության ու արգանդի վզիկի քաղցկեղի: