ԱՄՆ-ի Զինված ուժերը երկրի հաջորդ նախագահի՝ հունվարին կայանալիք երդմնակալությանն ընդառաջ Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական սադրանքների ոչ մի նախանշան չեն տեսնում։ Այս մասին նախօրեին լրագրողների խմբի, այդ թվում՝ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է Խաղաղ և Հնդկական օվկիանոսում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Քենեթ Ուիլսբեքը։

«Ես ռազմական սադրանքների ոչ մի նախանշան չեմ տեսնում»,- Ուիլսբեքը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի Զինված ուժերը պատրաստվում են ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին։

Նրա խոսքով՝ «վերջերս ԿԺԴՀ-ի կողմից ռազմատենչ հռետորաբանություն չի հնչել, ինչպես նաև չեն եղել հրթիռային արձակումներ և սադրանքներ»։

«Այնուամենայնիվ, Վաշինգտոնը ուշադիր հետևում է Փհենյանի քայլերին»,- հաստատել է նա՝ նշելով, որ ամերիկյան կողմը հույս ունի, որ ոչ մի սադրիչ գործողություն չի լինի: Նա ընդգծլ է, որ վերջին ժամանակաշրջանում Կորեական թերակղզում իրադրությունը «զգալի փոխվել» է դեպի լավը: