Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

«2020 թվականի նոյեմբերի տասնութին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական: Ս.թ. նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաք է արդեն վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները», — ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փախստականներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ երթևեկությունը շփման գծում ապահովում են ռուս զինծառայողները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: