Լեռնային Ղարաբաղում սրբավայրերի ու մշակութային վայրերի պահպանման հարցը ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ ռուսական կողմի աշխատանքի մի մասն է: Այս մասին այսօր`նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, գրում է eadaily.com կայքը:

Զախարովան ընդգծել է, որ տվյալ հարցին ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս: «Այն հատուկ նշանակություն ունի, նաև գտնվում է կողմերի հետ մեր շփումների օրակարգում»,- ավելացրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։