«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են 1.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 1 տոկոսով նվազել են:

Նույն պատկերն է նաեւ խոզի մսի դեպքում. այս տարվա հունվար-սեպտեմբերին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 10.1 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ նաեւ, որ ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել 7.9 տոկոսով:

Ավելացել են նաեւ թռչնամսի արտադրության ծավալները 8.7 տոկոսով: Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը սկսել են դրական ազդել ոլորտի վրա. մսամթերքի արտադրության ծավալները աստիճանաբար ավելանում են:

Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է երշիկեղենի արտադրության ոլորտում 2.2 տոկոսի չափով: Ըստ մասնագետների՝ այս ոլորտում արձանագրված նվազումը պայմանավորված է գնողունակության անկմամբ։ Ի դեպ, նույն Վիճակագրական կոմիտեն մսամթերքի շուկայում սեպտեմբերին թանկացում է արձանագրել 0.9 տոկոսով։

Մասնագետների համոզմամբ՝ ոչ միայն մսամթերքի, այլեւ մյուս շուկաներում թանկացումների ալիք է սկսվելու առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում