«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Ադրբեջանը վաղուց է պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին, այլեւս կասկածելու տեղ չի մնում:

Ադրբեջանաթուրքական զորավարժություններից եւ համատեղ հայտարարություններից զատ հետաքրքիր նրբություններ են պարունակում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեի նիստում այս տարի տեղի ունեցած դեպքերը, որոնք, սակայն, վրիպել են հանրության լայն շրջանակների ու, կարծես թե, նաեւ մեր երկրի իրավաքաղաքական ղեկավարների տեսադաշտից:

Ինչի՞ մասին է խոսքը. 2016 թվականից սկսած՝ վեց ամիսը մեկ անգամ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի նիստին ներկայացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձվելու հարցը:

Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այն ներկայացվեց նաեւ այս տարվա հունվարին, սակայն հենց նիստի օրը բոլորի համար անակնկալ կերպով ադրբեջանական կողմը հրաժարվեց դրա քննարկումից: Այսինքն՝ 4 տարի շարունակ հետեւողական պահանջում էր քննարկել հարցը ու հանկարծ հետ կանգնեց: Իսկ ինչո՞ւ։

Պատճառների մասին ուշագրավ բացահայտում է արել ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը. «Տարօրինակ կերպով այս տարվա հունվարին Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ այն կրկին օրակարգ մտնի, բայց նիստի օրը այդ հարցը հենց ինքն է հանում քննարկման օրակարգից. այսպիսի բան չէր եղել այսքան ժամանակ:

Նրանք չցանկացան քննարկել, քանի որ եթե այն քննարկվեր, եւ նախարարների կոմիտեն մերժեր որոշում կայացնելը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս փաստաթղթի մեջ ներառել նրանց վերադարձի հարցը»:
Ստացվում է՝ դեռ այս տարվա հունվարին ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն է ունեցել եւ դիտմամբ փախստականների վերադարձի հարցի քննարկումը վերջին պահին հետաձգել է, որպեսզի հետո խնդիրների առեջեւ չկանգներ:

Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում այդ կետն ամրագրված է եւ, փաստորեն, ենթակա կատարման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում