«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրում ստեղծված իրադրությունից դուրս գալու միակ ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն են։ Հայտարարությունը՝ ստորև․

«Ակնհայտ է դարձել, որ բացի պատերազմով ու պարտությամբ պայմանավորված բոլոր հետևանքներից, երկրում առաջացել ու խորանում է քաղաքական ճգնաժամը։ Հանրահավաքներ, ցույցեր, բողոքի ակցիաներ և համատարած ցասում, առանց այն էլ կադրային որակի առումով աչքի չընկնող պետական ապարատը հերթով լքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխանության ներսում խժդժության դրսևորումներ են տեղի ունենում, ոչ ոք չի զբաղվում երկիրը բարոյական, իսկ մասամբ` իրական փլատակների տակից հանելով։ Ամեն բան թողնված է միջին և ստորին օղակների մասնագետների կարողությունների հույսին, որոնց ջանքերով է այս պահին պահպանվում պետական կառույցների և ոլորտների համեմատ կայուն գործունեությունը։

Արդեն պարզ է, որ ելքը արտահերթ ընտրություններն են։ Հենց ընտրություններն են, որ կփակեն ցանկացած վեճ, թե ով է ավելի շատ վայելում ժողովրդի համակրանքը, իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության թեզերն են ընդունվում ժողովրդի կողմից և ինչ նոր իշխանություն է ուզում ժողովուրդը։ Երկրում ճգնաժամ է, ընթացիկ և պատերազմական վիճակում անարդյունավետ կառավարման ու դրա հետևանքների բերմամբ։ Ելքը՝ արտահերթ ընտրություններ։ Ե՞րբ, ո՞ր պահին, ի՞նչ ճանապարհով։ Այդ հարցերի շուրջ «Ալյանս» կուսակցությունը սկսում է հավաքների և խորհրդակցությունների շարք տարածքային և մասնագիտացված կուսակցական կառույցների, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի հետ»։