«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մեծագույն հարգանքով է վերաբերվում 17 կուսակցությունների քայլերին եւ հանրահավաքի մասնակիցներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Գորգիսյանը։

«Մենք մի քանի հանդիպումներ ունեցել ենք 17 կուսակցությունների հետ, միասին քննարկել ենք անելիքները, միասին  քննարկում ենք ռազմական դրությունը չեղարկելու մասին հարցը։ Դա նրանց իրավունքն է, եւ յուրաքանչյուր ոք, ով փորձում է հանրության ինչ-որ մի մասին վարկաբեկել,  թե սրան կամ նրան են հետեւում՝ ստորություն է։ Քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, դա բխում է ժողովրդավարության հիմունքներից։ Ցավոք, Կառավարությունն ականջները փակել ու չի լսում»,- ասաց Գորգիսյանը։

ԼՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ պետք գտնել այն ճանապարհը, որը Փաշինյանին կհեռացնի իշխանությունից՝ առանց ցնցումների։ Ազգային համաձայնության կառավարության կազմում, ըստ Գորգիսյանի՝ չպետք է լինեն կուսակցականներ, այլ ոլորտներից քաջատեղյակ մասնագետներ, այսինքն՝ պրոֆեսիոնալներ։

Հարցին՝ արդյոք ԼՀԿ-ն պատրա՞ստ է ազգային համաձայնության Կառավարություն կազմել ՀՀԿ-ի, Արթուր Վանեցյանի, ՀՅԴ-ի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ, եթե պրոֆեսիոնալներն այդ շրջանակներից լինեն, ի պատասխան Գորգիսյանն ասաց․ «Կարծում եմ՝ պրոֆեսիոնալիզմը քաղաքական պատկանելիություն չի ճանաչում եւ եթե մենք ասում ենք, որ պիտի երկիրը հանենք այս վիճակից, եւ պետք է անցնցում իշխանության փոխանցում, ապա մենք առաջին հերթին պետք է դադարենք երկիրը սեւ ու սպիտակի, կանաչ եւ կարմիրի բաժանել, պետք է բոլոր ուժերին համախմբել»։

Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ ոչ, ինչպես վանկարկում են Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներն ու քաղաքական ուժերը,  ըստ Գեւորգ Գորգիսյանի՝ պետք է քննությունը ցույց տա, բայց այդ քննությունը պետք է լինի ներկայիս իշխանությունների հեռանալուց հետո։

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշել է, թե Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ եւ որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երեւանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության եւ վարչապետի, միեւնույն ժամանակ հորդորել զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը, ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, որ սա սադրանք է։

«Սա հրահրում է քաղաքացիական բախումների, պատերազմի։ Ես կոչ եմ անում որեւէ ձեւ այս քայլին չգնալ։ Առաջին օրից վարչապետը հրահրում է քաղաքացիական բախումներ, սա անընդունելի է, սա վատ հետեւանքներ կարող է ունենալ»,- ասաց նա։