Չորեքշաբթի առավոտյան ոսկին չափավոր էժանանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հաջող հետազոտությունների մասին լուրերի շուրջ լավատեսության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.32 տոկոսով կամ 6.1 դոլարով` մինչեւ 1879.05 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.43 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.54 դոլար:

Ներդրողները չորեքշաբթի շարունակում են հետեւել լուրերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ: Երկուշաբթի Moderna-ն հայտարարել էր, որ իր կողմից մշակվող պատվաստանյութը 94.5 տոկոս արդյունավետություն է ցույց տալիս: Pfizer-ը եւս ավելի վաղ հայտնել էր, որ BioNTech-ի հետ իր համատեղ պատվաստանյութը արդյունավետ է 90 տոկոսով:

Այս ամենն ազդել է ոսկու արժեքի վրա, որն այս նորությունների ֆոնին 1900 դոլարի նշագծից ցածր է ընկել, քանի որ պատվաստումը կարող է նվազեցնել դեպքերի քանակը եւ վերացնել կարանտինային միջոցառումների պահպանման պատճառներն աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` վերացնել համաշխարհային տնտեսության վերականգնման խոչընդոտները: Իսկ այդ ակնկալիքներն իրենց հերթին նվազեցնում են «պաշտպանական» ակտիվների պահանջարկը, որոնց թվում է նաեւ ոսկին: