Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Սարիդա Դումանյանը գնում է հարազատ գյուղ՝ ունեցվածքն այնտեղից հանելու նպատակով: Այս մասին Aysor.am-ին ասաց ինքը՝ Սարիդան՝ նշելով, որ այս պահին Երևան-Մարտակերտ ճանապարհին է:

«Հենց հիմա գնում եմ Նոր Մարաղա գյուղ, «վեշերս» տեղափոխելու: Մեր գյուղն էլ են տալիս թուրքերին: Չգիտեմ՝ ո՞ւր ենք գնալու, երևի կտանեն Կճողուտ: Մեզ ժամանակ են տվել մինչև վաղն առավոտյան ժամը 11:00, մինչև այդ ժամը պետք է «վեշերս» հանեմ», — նշեց մեր զրուցակիցը:

Նոր Մարաղայի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին Դումանյանների ընտանիքը երեկ երեկոյան է տեղեկացել:

Հարցին՝ արդյոք Հայաստանի կամ Արցախի Հանրապետությունն է նրանց մեկնելն ու տեղափոխումը կազմակերպում, և արդյոք իրենց կամ հարևան գյուղերի մյուս բնակիչներից որևէ տեղեկություն ունի, պատասխանեց

«Ո՛չ, մեր միջոցներով ենք մեքենա վարձել ու հիմա գնում ենք: Մյուսներից էլ մենակ այն գիտեմ, որ սաղ «վեշերը» հանում են»:

Սարիդան չորս անչափահաս երեխա ունի, ավագը 17 տարեկան է, կրտսերը՝ 4: Երեխաներն առայժմ Երևանում կմնան, տեղավորվելուց հետո վերադառնալու է Երևան՝ նրանց տանելու:

Հիեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների։