Պաշտպանության նախարարությունում ստեղծված է հանձնաժողով, որն անհետ կորածների հարցով սերտ աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ է աշխատանք տարվում։ Անհետ կորածների ցուցակն ունի նվազման միտում։ Այս մասին կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն  ասաց, որ փաստացի մինչև կարգավիճակի ճշտումը այս մարդկանց ընտանիքները սոցիալապես անապահով են դառնում։ «Նաև դուք գիտեք, կյանքի և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավական երկար է՝ կապված հենց անհետ կորած ճանաչելու առումով»,- ասաց պատգամավորը։

«Լայնածավալ աշխատանքներ են կատարվում ճշգրտման առումով։ Անհետ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավական շատ անհետ կորածներ ողջ-առողջ են, և ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել ամեն ինչ»,- ի պատասխան ասաց Դավիթ Տոնոյանը։

Նա նշեց, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված այդ ընտանիքների սոցիալական երաշխիքների հետ։ Բայց նաև որոշակի շտկումներ կարվեն վերոնշյալ հիմնադրամից ու պաշտպանական բյուջեից օգտվելու առումով։

Ըստ նախարարի՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, շատ արագ ունենան ինչպես պետական, այնպես էլ հիմնադրամի կողմից աջակցություն։ «Շատ յուրահատուկ իրավիճակ է, մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակի փոփոխություն կատարվի»,- նշեց նա։