Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի տեղեկացմամբ՝ հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասն էլ դեռևս ծախսված չեն: Ըստ նրա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները:

Հիշեցնենք, որ սեպետմբերի 27-ից մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի ընթացքում հավաքվել է 169 մլն 695 հազար դոլար: