Իսպանիան հրաժարվել է Մեքսիկայից ներողություն խնդրել 500 տարի առաջ այն նվաճելու համար, հայտնում է Explica-ն։

Նշվում է, որ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայան այցի ժամանակ չի փորձել ներողություն խնդրել գաղութարարների գործողությունների համար։ Նրա կարծիքով՝ փոխարենը չափազանց օգտակար կլիներ հայացքն ուղղել ապագային՝ ամրապնդելով երկու երկրների հարաբերությունները։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը 2019 թվականին Իսպանիայից ներողություն էր պահանջել 500 տարի առաջ տարածաշրջանը նվաճելու ժամանակ կատարված հանցագործությունների համար։ Պետության ղեկավարը համապատասխան նամակ էր ուղարկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ին։ Օբրադորի կարծիքով՝ լիակատար հաշտեցման հասնելու համար հրապարակային ներողությունը միակ հնարավոր լուծումն է։ Մեքսիկան ներողություն է ցանկանում ոչ թե նվաճման համար, որպես այդպիսին, այլ բնիկ բնակչության դեմ կատարված հանցագործությունների։

Էռնան Կորտեսի ղեկավարությամբ իսպանացի կոնկիստադորները 1521 թվականին պաշարումից հետո ավերել էին Տենոչտիտլանը։ Նրանք առաջին անգամ քաղաք էին մտել 1519 թվականին, սակայն ստիպված էին փախչել։