Ազատության հրապարակում շարունակվում է «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դիմելով ներկաներին, հայտարարեց՝ բոլոր նրանք, որոնք հայրենիքի սրբազան փրկության համար մղվող պայքարը ներկայացնում են՝ որպես նախկինների՝ իշխանության համար մղվող պայքար, լկտիաբար ստում են։

«Սա նիկոլական էժանագին «մուտիլովկան» է։ Այո, ես ունեցել եմ բազմաթիվ սխալներ, եղել եմ Հանրապետական կուսակցության սիմվոլներից մեկը, այսօր էլ չեմ հրաժարվում, այսօր էլ եմ ՀՀԿ-ի սիմվորներից մեկը ու հպարտանում եմ դրանով, որովհետև Նիկոլի նման չեմ կզել թուրքի առաջ, որովհետև հողատու չեմ եղել։

Մեր սխալներով, թերություններով, գուցե մեղքերով հանդերձ, գուցե իմ մեծամտությամբ հանդերձ՝ ձեզանից շատերը դժգոհ են եղել մեզանից, մեր կառավարումից։ Ես՝ որպես առաքելական, քրիստոնյա մարդ, ինչպես 2018 թվականին ԱԺ ամբիոնից, այնպես էլ այսօր ձեր առջև այս հրապարակում ասում եմ՝ կներեք մեզ, կներեք ինձ մեր սխալների համար։ Բայց ես այսօր կանգնած եմ այս հրապարակում բաց ճակատով, որովհետև դավաճան չեմ, որովհետև հող չենք հանձնել, իմ թիմակիցներն ապրիլյան պատերազմի ժամանակ 4 օրում կանգնեցրել են պատերազմը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը հիմարաբար ստում է, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է հետ գալ. «Այ հիվանդ, Սերժ Սարգսյանը՝ իր սխալներով հանդերձ, իր բոլոր թերացումներով հանդերձ, երբ տեսավ, որ հայ ժողովուրդը չի ցանկանում իրեն տեսնել իշխանության ղեկին, ինքնակամ, անցնցում, առանց արյան հեռացավ ու առանց պայմանավորվածությունների հեռացավ։ Նա ապացուցեց, որ, ի տարբերություն Փաշինյանի, մեզ համար աթոռն ինքնանպատակ չէ»։

Նա նաև նշեց, թեև  դրա լիազորությունը չունի, բայց ուզում է պատմել. «Եթե ուզում եք իմանալ, մեր կուսակցության նախագահն այսօր ապրում է իր կյանքի ամենածանր ու ողբերգական օրերը, ամենամեծ ողբերգությունն է նրա ու նրա մարտական ընկերների համար, Շուշին ազատագրողների, թուրքին ծնկի բերածների համար։ Մեզանից գողացել են մեր 30 տարվա երազանքը՝ Արցախյան հաղթանակը։ Ամոթ է, ամոթ է բոլոր նրանց, ովքեր այս սրբագույն պայքարը, որի նպատակն է հայրենիքի փրկությունը՝ ներկայացնում են նախկինների վերադարձի պայքար։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պայքարը հանուն փրկության է, մենք նպատակ ու ցանկություն էլ չունենք գալու իշխանության։ Մենք պատրաստ ենք սատարելու վաղվա իշխանությանը, որն արժանապատվորեն կներկայացնի ՀՀ-ի և Արցախի շահերը։

Եթե Փաշինյանն այսօր շուտափույթ հրաժարական ներկայացնի, ես և իմ կուսակից շատ ընկերներ չենք զբաղվի ակտիվ քաղաքականությամբ»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում