Այսօր ժամը 16:00-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը: Այդ մասին տեղեկացրել է Արա Հակոբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Արա Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Արա Հակոբյանը առաջին անգամ չէ, որ հրավիրվում է ՀՔԾ կամ ԱԱԾ: Վարազդատ Հարությունյանը տարօրինակ է համարում, որ ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում Արա Հակոբյանի մասին հիշում են ընդդիմադիր կուսակցությունների կողմից հրավիրվելիք հանրահավաքից առաջ: «Օրինակ, երեկ հանրահավաք չկար, ՀՔԾ-ին երեկ բացատրություններ պետք չէին»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությանը և այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը: