ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը քիչ առաջ մուտք գործեց ՀՔԾ։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն, ամենայն հավանականությամբ, մեղադրանք են առաջադրելու։

«Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ ինչ անհեթեթություն ասես կարող եք սպասել, այնպես որ ոչինչ պետք է չէ բացառել, կարող է Քենեդու սպանության համար էլ փորձեն մեղադրել»,- ասաց Մինասյանը եւ հավելեց, որ իրենց այս ժամին են հրավիրում, որպեսզի չկարողանան մասնակցել հանրահավաքին։

«Ապօրինություններն այնքան ցցուն են, որ ես կարծում եմ, թե Սասուն Խաչատրյանը, թե Արթուր Դավթյանը պետք է գիտակցեն, որ գալու է իրենց պատասխանատվության պահը։ Եթե, իհարկե, պատասխանատվություն բառի էությունը հասկանում են, ինչպես որ, վստահ ենք, չի հասկանում Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական մեծամասնության այն անձինք, որոնք հպարտորեն հայտարարում են, թե իրենք զգում են պատասխանատվություն, բայց, համոզված եմ, չեն հասկանում՝ դա ինչ է։ Դա հասկացող մարդը ոչ միայն հրաժարական, ինքնավնասում կաներ, այլ նաեւ գլուխը կախ, ամոթից դուրս չէր գա, բայց տեսնում ենք՝ իշախանությունն ամոթ չունի»,- շեշտեց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակած ճանապարհային քարտեզին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Իր որեւէ խոսքին արդեն լուրջ չեմ վերաբերում։ Անլուրջ մարդ, անլուրջ հայտարարություններ, ստախոս։ Իր խոսքերից ո՞րն է իրականացել. ոչ մեկ։ Այնպես որ մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ՝ լուրջ չընդունել դա։ Այլ բան է, որ ինքը սրանով փորձում է քաղաքացիական նոր լափշա պատրաստել, որպեսզի կարողանա մեր քաղաքացիներին հերթական անգամ ստի»։

Անդրադառնալով Արցախից եկած զինվորականների կողմից՝ ի աջակցություն Կառավարության         ակցիա կազմակերպելուն՝ Մինասյանն ասաց. «Դուք տեսնում եք այս իշխանության դեմքը։ Իրենք գիտեն, որ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել 18։00-ին, իրենք սրանով փորձում են ցույց տալ ինչ-որ հակառակ պատկեր։ Մենք զգուշացրել ենք՝ բոլոր գործողությունների պատասխանատուն իշխանությունն է։ Եթե քաղաքական իշխանությունը մի փոքր անգամ գիտակցություն ունենա, նման այլանդակ մոտեցում չի կիրառի։ Եթե առաջնագծից եկած զինվորներն են, որոնք կռվել են հակառակորդի դեմ, համոզված եմ, որ իրենք որեւէ թթու խոսք մեր քաղաքացիների, ընդդիմության հասցեին չեն անի։ Ովքեր արեցին, ուրեմն, համոզված եղեք, կապ չունեն առաջնագծի հետ»։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցին, որում խոսք գնաց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինել, չլինելու մասին՝ Մինասյանն ասաց. «Նախ դավաճան հասկացությունը ժողովուրդն է տվել։  ՌԴ նախագահը չէր կարող Հայաստանի ժողովրդի կողմից դավաճան պիտակավորված անձի վերաբերյալ այլ բան ասել, բայց այն փաստերը, որոնք հնչեցվեցին, եւ որոնց ներքո ակնհայտ էր դառնում, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով պետք է պատասխանատվության ենթարկվի, սա փաստ է»։