ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել քրեական գործով մեղադրյալ Գառնիկ Պետրոսյանի՝ Կիեւյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել էր 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նոյեմբերի 14-ին դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քննության ընթացքում պարզվել է, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ  կազմակերպելու եւ իրականացնելու  դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 3011–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, իսկ նոյեմբերի 13-ին նույն հոդվածներով նրան առաջադրվել է մեղադրանք: Եվ քանի որ նույն օրը՝ժամը 20:00-ին, լրացել է Գ. Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինս բաց է թողնվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն՝ նրան Կիեւյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով:

Տարատեսակ հնարավոր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ըստ մեղադրյալի հարցաքննության արձանագրության՝ հարցաքննությունն ավարտվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 21.00-ին, իսկ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22.04-ին:

Գործով առկա է ականատես վկա,  որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիեւյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից, բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին եւ մինչեւ ինքը կհասցներ հնարավոր վատ հետեւանքներից խուսափելու համար ահազանգել 911 հեռախոսահամարին՝  տեսել է, որ նա այլեւս այդտեղ չէ: Դրանից անմիջապես հետո, երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել են ներքեւում՝ ճանապարհի երթեւեկելի գոտում, ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել են, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է: Իր ցուցմունքում ականատեսը նշել է նաեւ, որ այդ անձը եղել է միայնակ եւ առհասարակ կամրջի այդ հատվածի ամբողջ երկայնքով որեւէ այլ անձ չի եղել: Գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաեւ ականատեսի կողմից նշված երկու պատահական անցորդները:

Բացի այդ, զննության են ենթարկվել նաեւ դեպքի օրվա դրությամբ Հալաբյան փողոցի եւ Կիեւյան կամրջի հատվածում գտնվող խաչմերուկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:  Արդյունքում պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 13-ին Գ. Պետրոսյանը միայնակ  գնացել է Կիեւյան կամուրջ եւ միայնակ բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել է ցած:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ գործի շրջանակում որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գ. Պետրոսյանը նշել է, որ դեռեւս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչեւ 2019թ. հաշվառված է եղել առողջության համապատասխան կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի դադարեցրել է 2019թ. հունվարից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները, Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու պատճառները եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

ՀՀ դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակում ի հայտ բերված դեպքին վերաբերող բոլոր հրապարակումներն ուղարկվում են վարույթն իրականացնող մարմնին՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու, քննության առարկա դարձնելու նպատակով»։