ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ գերտերության կարգավիճակի ճանապարհին Ռուսաստանի հիմնական խոչընդոտները դաշնակիցների ու ռազմաբազաների բացակայությունն է: Այս կարծիքն Օբաման հայտնել է իր նոր «Ավետյաց երկիրը» (A Promised Land) գրքում, որը վաճառքի է հանվել երեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ 44-րդ նախագահը շեշտը դնում է այն փաստի վրա, որ «Ռուսաստանն այլեւս գերտերություն չէ»: «Միայն մեր [Ամերիկայի] միջուկային զինանոցին զիջող զինանոցով Ռուսաստանը դաշինքների եւ բազաների լայն ցանցի պակաս ուներ, որը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս պրոյեկտել իր ռազմական հզորությունն ամբողջ աշխարհում: Ռուսաստանի տնտեսությունը շարունակում էր զիջել Իտալիայի, Կանադայի եւ Բրազիլիայի տնտեսություններին, ինչպես նաեւ գրեթե ամբողջությամբ կախված էր նավթի, գազի, օգտակար հանածոների եւ զենքի արտահանումից»,- կարծում է Օբաման:

Վկայակոչելով հետազոտական ​​կազմակերպությունների տվյալները` նա ուշադրություն է հրավիրել ՌԴ-ում կոռուպցիայի բարձր մակարդակի, սոցիալական անհավասարության եւ բնակչության շրջանում արական սեռի ներկայացուցիչների կյանքի կարճ տեւողության վրա: Օբամայի կարծիքով` «[Մոսկվայի] բարկությունը հիմնականում ուղղված էր Միացյալ Նահանգների դեմ»: Նախկին նախագահն այս հանգամանքով է բացատրում «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ կողմից աջակցվող նախաձեռնությունների արգելափակումը Ռուսաստանի կողմից», ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության ազդեցության ուղեծրից նախկին խորհրդային բլոկի երկրների դուրս գալը կանխելու ջանքերի ակտիվացումը»:

Գրքի առաջին հատորը լույս է տեսել Penguin Random House-ի կողմից: Առաջին մասը բաղկացած է 768 էջից եւ թարգմանվել է 25 լեզվով: Penguin Random House-ն իրավունք է ստացել հրապարակել Օբամայի հուշերը 2017 թվականին: Նախկինում Օբաման երկու գիրք էր հրատարակել` «Հորս երազանքները» (Dreams From My Father, 1995 թվական) եւ «Հույսի հանդգնությունը» (Audacity of Hope, 2006 թվական), որոնք բեսթսելերներ են դարձել: